Սեբաստիայի նահանգի Կյուրին քաղաքը կառուցված է ծառախիտ հովտում՝ Թոհմա-Սու ¥Մելաս¤ գետը թափվող վտակների ափերին, ու ենթադրվում է, որ անունը ծագել է թուրքերեն «քյուրուն»՝ «ավազան» բառից:
1806 թ. այստեղ կար 400-500 տուն հայ, որոնք ունեին եկեղեցի և որոնց հիմնական զբաղմունքը վուշի ու կտավի վաճառականությունն էր:
1847 թ. հայերի տների թիվն արդեն 2000 էր, որից 1250-ը` լուսավորչական, 90-ը` կաթոլիկ, 10-ը` բողոքական: Չորս եկեղեցիներից Սբ. Աստվածածինը քարակոփ էր, իսկ Սբ. Գևորգը, Սբ. Փրկիչը և Սբ. Սարգիսը՝ փայտաշեն: Բացի այդ, հայ կաթոլիկներն ունեին իրենց եկեղեցին, բողոքականները՝ ժողովարան: Թուրքերին պատկանում էր 650 տուն, մեկ մզկիթ և մի քանի փոքր աղոթարան: Լուսավորչական հայերի 3 և կաթոլիկ մեկ վարժարանի դիմաց թուրքերը դպրոց չունեին, այդ իսկ պատճառով՝ անգրագետ էին և հիմնական զբաղմունքը հյուսնությունն էր ու մի քանի այլ արհեստներ: Այնինչ տնտեսական բուռն գործունեություն ծավալած հայերը առևտրային սերտ կապեր ունեին Հալեպի ու Տրապիզոնի հետ:
Քաղաքի հիմնական թաղերն էին՝ Շուղուլ, Օրեն կամ Էրան, Տարեր, Սմկընա, Չերչիկոր, Խոնավ բլուր (Յաշ թեփե), Աշուր, Սև բլուր (Գարա թեփե), Ֆերման մահլե, Սաղ, Քեթեն-շայըր, Խաս-բաղ, Ձախ ձոր: Հայերը բնակվում էին Ձախ ձորում, Սև բլուրում, Խաս-բաղում, Շուղուլում, Չերչիկորում, Խոնավ բլուրում, Օրենում ու Սմկընայում: Թուրքաց թաղերն էին Տարերը և Աշուրը:
Ի տարբերություն Կեսարիայի և Սեբաստիայի, կյուրինցիների տները միմյանցից բավական անջատ էին, յուրաքանչյուր տուն կառուցված էր առանձին՝ շրջապատված ընդարձակ պարտեզով:
Կյուրինցի հայերի առանձնահատկությունը խնայասիրությունն էր, ավելորդ շռայլությունը տեղ չուներ: Տղամարդն ստիպված միշտ բացակայում էր, և ընտանիքի կարիքների հոգածությունը մնում էր կնոջ ուսերին: Տղամարդը տարեկան մեկ անգամ ապահովում էր ապրուստի առաջնային միջոցները՝ ալյուր, բլղուր, յուղ ու պանիր, իսկ կինը պարտեզի բերքերից ձմեռվա համար պատրաստում էր մյուս սնունդը: Ընդ որում` ամեն ինչ կատարվում էր հաշվապահական ճշգրտությամբ, հարուստը՝ իր կարողության չափով, աղքատը՝ իր: Բայց եթե թուրքերի մեջ բազմաթիվ մուրացկաններ կային, ապա այդպիսիք գոյություն չունեին հայոց մեջ: Ժամանակակիցը գրում է. «Հայերու համար արժանապատուութեան խնդիր էր: Ամենէն աղքատն անգամ կը նախընտրէ ցամաք հացով գոհանալ, քան թէ ձեռքը ուրիշին երկնցնել»:
Առհասարակ, Կյուրին ասելով պետք է հասկանալ նրա հռչակավոր շալը, գործվածք, որը համարձակորեն կարելի է համարել հայ մարդու աշխատասիրության, արդար տքնանքի խորհրդանիշ:
Քաղաքն իր աշխարհագրական դիրքով կատարյալ էր բրդի ու մետաքսե գործվածքեղենի արտադրությունը զարգացնելու համար, որովհետև մի կողմից լեռնային արոտավայրերն իրենց բուսականությամբ շատ նպաստավոր պայմաններ էին ստեղծում հատկապես ոչխարաբուծության համար, մյուս կողմից` քամիներից պաշտպանված նրա բարեխառն հովիտները առատ ջուր էին մատակարարում:
1860-ական թվականներին Կյուրինում կար ավելի քան 1500 դազգահ, որոնց վրա աշխատողները գերազանցապես կանայք էին: Բոլոր ջուլհակներն իրենց գործվածքները տալիս էին վաճառականներին, որոնք իրացնում էին դրանք ինչպես Թուրքիայի, այնպես էլ Եվրոպայի զանազան քաղաքներում: 1907 թ. ժամանակակիցներից մեկը գրում էր. «Շալագործութիւնը Կիւրինի մէջ քառասուն տարուան հնութիւն մը ունի. հետզհետէ զարգացման հետ ընդհանրացած է ամէն տուներէ ներս եւ այսօր քաղաքիս գրեթէ ապրուստի միակ միջոցն է եղած: Գործաւոր դասակարգը ամենագլխաւոր մասը կը կազմէ բնակչութեան, որ շալ գործելով ապահոված ըլլալ կը կարծէ իր օրապահիկը: Քսանէն քսանհինգ վաճառականներ եւրոպական լարանը ¥մանուած բուրդ¤, մանածը եւ երբեմն տեղականը գործողներու կը յանձնեն: Այս վերջինները իրենց տների մէջ հասարակ եւ ժագարի հորերու ¥տեզկահ¤ վրայ նմուշներու համաձայն գործելով կը յանձնեն աղաներուն»՛:
1880 թ. Կյուրինում մի հայ ջուլհակուհի հնարեց սարք, որով բրդյա գործվածքների վրա արտատպում էր եվրոպական նախշեր, ծաղիկների գծագրությունն ու դրանց գույների երանգավորումներ:
Շալագործության նախնական տեխնիկայի աստիճանական զարգացման և բուսական ներկերի օգտագործման հետևանքով, ինչպես նաև XIX դ. վերջերից Ֆրանսիայից «Ժակվար» ¥անվանումը ծագում է ֆրանսիացի գյուտարար-ջուլհակ Ժոզեֆ Մարի Ժակարի հորինած դազգահից, որի գործվածքը խիստ թանկարժեք էր ու հարգի և որին տեղացիներն ասում էին ճագար¤ գործող մեքենայի ներմուծմամբ, շալագործությունը Կյուրինում մեծ զարկ ստացավ: Շալագործ-հաստոցների ընդհանուր թիվը Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին հասավ 3500-ի: Արտադրության զարգացման հետ մեկտեղ բարձրացավ նաև գործվածքի որակը, շուկայից վանելով պարսկական շալը: Կյուրինի շալը մեծ համբավ էր վայելում ինչպես Թուրքիայի ներքին շուկայում, այնպես էլ Եգիպտոսում, Բուլղարիայում:
Արտադրվում էին մի քանի տեսակներ՝ լաֆորի ¥լահորի¤, բատեմի, ինչպես նաև Խելոք Էմմու հնարած Չուբուխլու կամ կոկոզուկ ու Աճեմ շալ: Բացի շալից, Կյուրինում արտադրվում էին կերպասեղեն ¥շայախ¤, նախշազարդ ծածկոցներ, վարագույրներ, բարձի երեսներ: Համաձայն Սեբաստիայի ֆրանսիական հյուպատոսի տեղակալի 1911 թ. տեղեկագրի, Կյուրինում գործվածքեղենի տարեկան արտադրությունը հասնում էր 3 մլն ոսկե ֆրանկի կամ 600 հազար դոլարի:
Հայտնի շալագործ Կարապետ Մինասյանը, որին անվանում էին Խելոք Էմմի, մի շարք նորարարություններ մտցրեց, շալագործությունը դնելով մեքենայական թողարկման հենքի վրա:
Կյուրինի առևտրական դասը դեռ XIX դ. 80-ական թթ. ձեռնամուխ լինելով շալի արդյունագործությանը, տեղական շալագործությունը, կերպասագործությունը դարավերջից դուրս բերեց տնայնագործական շրջանակներից: Այդ գործի նախաձեռնողներից առաջինը Սարգիս Ավետիսի Մինասյանն էր, որ Մանչեստրից բերել տվեց բրդի լարան, բամբակի մանած, ինչպես նաև Ֆրանսիայից Ժակվար գործող մեքենաներ և նույնիսկ իր նկարով ապրանքային պիտակ ստեղծեց:
Մինասյանի օրինակին հետևեցին Չոքկարյանը, Չուլճյանը, Գարայանը, Ղլբաշյանը, Չերչիյանը և ուրիշներ, որոնք կառուցեցին իրենց սեփական ներկատները:
Ինչպես արտադրության միջոցները, այնպես էլ հումքը կենտրոնանում էին գործատեր վաճառականների՝ աղաների ձեռքում: Նրանցից յուրաքանչյուրն ուներ իրեն կցված շալագործները, որոնք գործատիրոջ «Ժակվար» մեքենայով ու հումքով գործում էին շալը եւ շաբաթվա վերջում հանձնում աղային: Աշխատանքը վճարվում էր ըստ շալի տեսակի և որակի, հատը՝ 2-5 ղուրուշ:
Կյուրինի նշանավոր վաճառականներն էին Արապյանները, Թոփալյանները, Մառանյանները և այլք, որոնք առևտրային հարաբերություններ էին հաստատել Պոլսի, երկրի այլ խոշոր քաղաքների և արտասահմանի հետ։ Հատկապես աչքի էին ընկնում Սև բլուր թաղի Մառանյան, Թերճանյան, Քյուրքճյան և Մուղամյան գերդաստանները: Մառանյան տոհմը հանրահայտ էր շրջակա բոլոր քաղաքներում և Կիլիկիայի գյուղերում, իսկ Հարություն Մառանյանը, բազմաթիվ բարեգործություններից զատ, իր ծախքով Սբ. Աստվածածին մայր եկեղեցու շրջակայքում հիմնել էր համանուն վարժարան:
Շուկայում կար շուրջ 200 հայապատկան խանութ: Կից գտնվում էին Թերճան Թերճանյանի սեփական հյուրանոցը և կաթոլիկ հայ Հակոբ Թաղելյանի իջևանատունը:
…Ամեն ինչին, այս քաղաքի ստեղծարար, աշխատասեր հայության գոյությանը վերջ դրվեց 1915 թվականին: Ապրիլի կեսին Կյուրինի թուրքական իշխանությունը պաշտոնապես հայտարարեց, թե հայերը 24 ժամվա ընթացքում պետք է իրենց մոտ եղած զենքերը հանձնեն, այլապես խստորեն կպատժվեն: Հավատալով քաղաքապետ Քյամիլ էֆենդու և ոստիկանապետ Ահմեդ բեյի տված հավաստիացումներին ու խոստումներին, հայերը զինաթափվեցին: ՈՒ խաբվեցին: Ապրիլի 18-20-ին թուրքերն ընտրեցին ու բանտարկեցին քաղաքի 74 անձանց՝ կուսակցականների, մտավորականների և հարուստ վաճառականների: Երկու ամիս շարունակ, ամեն օր նրանց ենթարկեցին անլուր տանջանքների ու կտտանքների: Հունիսի 10-ին շղթայակապ արեցին և դուրս բերեցին քաղաքից: Ապա ՈՒլաշ գյուղի մոտակայքում՝ Գարդաշլար խոսուն անվամբ ձորը չհասած, բոլոր 74 հոգուն գնդակահարեցին ու վայրագորեն մորթեցին:
Հետո հերթը հասավ մյուս տղամարդկանց: Բոլորին սկսեցին մաս-մաս բանտարկել և օրը երեք անգամ, 30-40-հոգանոց շղթայակապ խմբերով քաղաքից դուրս բերել: Ոչ ոք չվերադարձավ:
Հունիսի 27-28-ին բանտերը լցրեցին 13-15 տարեկան պատանիներին, 70-ամյա ծերերին, հիվանդներին, կույրերին և անգամ՝ խելագարներին: Բոլորին առաջարկվեց թրքանալ: Միայն մի քանի հոգի համաձայնեցին, մյուսները նախընտրեցին մեռնել վասն հայրենյաց և վասն հավատի:
Քաղաքագլխի հատուկ հրամանով աքսորի ճամփան բռնեցին հոգևոր առաջնորդ Խորեն արք. Դիմաքսյանը և բողոքական պատվելի Պետրոս Մուղալյանը՝ բոլոր կղերականների հետ մեկտեղ: Նրանց մորթեցին քաղաքից 3 ժամ հեռավորության վրա:
Հուլիսի 5-ին տեղի ունեցավ առաջին զանգվածային տեղահանությունը՝ բաղկացած կանանցից ու երեխաներից, քանզի արական սեռից ոչ ոք չէր մնացել: Նրանց չթույլատրեցին ունեցվածքը վաճառել կամ հետները տանել, ստիպեցին ինչքը թողնել: 200 ընտանիք էին, այդ թվում` երևելի Շահբազյանները, Ալթունյանները, Վարդապետյանները, Պուլտուքյանները և այլք: Կեսգիշերին, Ղավախ գյուղի մոտ սպանեցին Հակոբ Շահբազյան և Հակոբ Պուլտուքյան աղաներին:
Առավոտյան Դևե-Դերեսի գյուղի մոտ կանանց մերկացրին՝ զգեստների մեջ պահված դրամն ու թանկարժեք իրերը յուրացնելու համար: Հրաշքով փրկված մի ականատես հետագայում վկայեց. «Խեղճ մանուկները ահաբեկուած կը դողային, կը պոռային մայրերնուն վրայ դանակին խաղալը տեսնելով: Մինչ մենք կþաղօթէինք անդին, գրաստներուն վրայէն բեռները քակելով յափշտակել սկսան: Ընտիր գոյքեր էին՝ գորգեր, կարի մեքենաներ, գործուած շալեր, զգեստներ, զարդեղէններ, ասեղի գործեր, բոլորը դիզեցին իրարու վրայ եւ յետոյ քիրաճիները եւ ժանտարմաները բաժնեցան աւարը, ինչքերն ու ոսկիները, յաճախ կռուելով եւ իրարմէ աւելի շատ առնելու կիրքէն մտրակուած»:
Ամեն ինչ վերջացավ:
1921 թ. ապրիլի 1-ի դրությամբ Կյուրինի 28000 հայ բնակչությունից քաղաքում ոչ մի հոգի չէր մնացել։
Էջի պատասխանատու` Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ